
Ամփոփվել են 2021-2022 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող՝ արդեն ավանդական դարձած դպրոցականների առարկայական օլիմպիադային դպրոցականները մրցում են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից։
Նշենք, որ օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ դպրոցական, քաղաքային (մարզային), հանրապետական և անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների:
Ուրախությամբ նշենք, որ արդեն հայտնի են ՀԱՊՀ Ավագ դպրոցի մարզային փուլում հաջողություն գրանցած աշակերտների անունները։ Մաթեմատիկա առարկայից հաջողության է հասել՝ Հայկ Հովսեփյանը, հայոց լեզվից՝ Արմինե Գրիգորյանը, ֆիզիկայից՝ Արտյոմ Գասպարյանը, Սոնա Գրիգորյանը, Հովսեփ Կարապետյանը, Վլադիմիր Մանուկյանը և Արտաշես Մկրտչյանը, աստղագիտությունից՝ Վլադիմիր Մանուկյանը և Արտաշես Մկրտչյանը, աշխարհագրությունից՝ Սոնա Կարապետյանը, անգլերենից՝ Նանա Բուդաղյանը, Իռեն Սիմոնյանը և Նանե Մանուչարյանը։
Արտաշես Մկրտչյանը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի աստղագիտություն առարկայից, Իռեն Սիմոնյանը և Նանե Մանուչարյանը արժանացել են 2-րդ կարգի դիպլոմի՝ անգլերեն առարկայից, իսկ Նանա Բուդաղյանը՝ 1-ին կարգի դիպլոմի։ Նշենք, որ Երևանում՝ 10-րդ դասարանցիներից, ամենաբարձր արդյունքը գրանցել է Նանա Բուդաղյանը և ստացել 1-ին կարգ։ Ըստ ՀԱՊՀ Ավագ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի, նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանը ներկայացնելու հանրապետական, նաև միջազգային օլիմպիադաներում:
Պետք է նկատենք, որ, չնայած ՀԱՊՀ Ավագ դպրոցը բնագիտական թեքումով դպրոց է, հումանիտար առարկաները նույնպես բարձր մակարդակի վրա են և դրա ապացույցը օլիմպիադայի մարզային փուլի արդյունքներն են։ Առարկայական օլիմպիադաները, որ նպատակ ունեն զարգացնել ուսումնական առարկաների նկատմամբ հետաքրքրությունն ու նպաստել կայուն գիտելիքների ստացմանը, ևս մեկ անգամ հնարավորություն են ընձեռում տեսնելու, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում սովորում են իրապես օրինակելի աշակերտներ։ Այս առումով անգնահատելի է մանկավարժների դերը:
Առջևում առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն է: Շնորհավորում ենք մեր աշակերտներին, մաղթում` ներկայիս հաջողությունների կրկնապատկում։
Leave a comment